Հայաստանը կարող են գործիք օգտագործել․ ինչու է...

Երբ Հայաստանի իշխանությունները խոսում են «հիբրիդային սպառնալիքների» մասին, նրանք նկատի ունեն Ռուսաստանը։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իսկ եթե «սպառնալիքները» չեն գալիս Ռուսաստանից, դրանք հիբրիդային են, թե՞ ոչ։ Օրինակ՝ Ուկրաինայից», - հարցրել է պատգամավորը՝ հավելելով, որ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) ուղղված հարցումները որևէ հստակ տեղեկատվություն չեն տվել նման սպառնալիքների գոյության մասին, այլ կերպ ասած՝ հանրությանը ապատեղեկատվություն են տրամադրում։

«Այս իշխանություններին ով որ դեմ է՝ ասում են ռուսի շպիոն ա»։ Նույն եկեղեցին էլ, եթե կարծիք է հայտնել՝ նման որակավորումներ են տալիս։ Բոլոր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ՝ Եվրոպայում թիվ 1 թեման դա է։ Գերիների խնդիր չկա իրանց համար, Արցախի խնդիր չկա իրանց համար, մեր օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիր չկա։ Մենակ մի խնդիր ունեն այս մարդիկ, գնան Եվրոպա ու ով որ իրենց դեմ է ասեն, որ էս մարդիկ Ռուսաստանի շպիոն են», - հայտարարել է Դանիելյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ԵՄ-ն, ի տարբերություն Վրաստանի, խաղադրույք է կատարում ՀՀ-ի վրա, պատգամավորը նկատել է, որ մինչև Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունների սրումը, վրացի գործընկերները ոչ պաշտոնական զրույցներում դժգոհել են ԵՄ-ի կողմից գործադրվող ճնշումներից։ «Այստեղից հարց է առաջանում՝ ինչո՞ւ են փայփայում և աչք փակում այն երկրների խնդիրների վրա, որոնք շարժվում են իրենց սցենարով և ինչո՞ւ այն երկրներում, որոնք հնազանդություն չեն ցուցաբերում, անմիջապես «հայտնվում են» աներևակայելի խնդիրներ։ Որովհետև, իմ կարծիքով, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը», - նշել է Դանիելյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք ենթադրվում է, որ Հայաստանը ընտրություններում փոխառում է եվրոպական երկրների փորձը, խորհրդարանականն առաջարկել է նախ հստակեցնել, թե կոնկրետ ո՞ր փորձի մասին է խոսքը. «Ո՞ր երկրի փորձը։ Ռումինիայի՞, օրինակ, երբ ընտրված նախագահին հեռացրին պաշտոնից։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանություններին շատ էլ դուր է գալիս նման փորձը, քանի որ արդար ընտրություններում հաղթելու շանսեր չունեն և կարող են կիրառել ռումինական սցենարը ու հայտարարել, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները»։