Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:
Նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում:
Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և համագործակցության առկա մակարդակի բարձրացման հնարավորություններին և հեռանկարներին և երկուստեք կարևորել են այս ուղղությամբ քայլերի նախաձեռնումն ու խթանումը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ջերմ հարաբերություններ և փոխգործակցություն ունի լատինաամերիկյան մի շարք երկրների հետ և կարևորում է համագործակցության շրջանակի հետագա ընդլայնումը տարածաշրջանի երկրների հետ:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ, շեշտել են արդի գլոբալ մարտահրավերների դեմ միասնական օրակարգով և համատեղված ուժերով պայքարելու կարևորությունը: