Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իր...

Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէր կարող»,-ասաց Միրզոյանը։

Միրզոյանը նաև մատնանշեց, որ ԱԳ նախարարությունն այս մասին «շեփորահարելու» անհրաժեշտություն չի տեսել, սակայն, քանի որ հարցը հնչում է, հարկ է համարում հայտնել այս մասին։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն ցուցաբերել Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև ինքներս, եթե տեսնենք, որ կա որևէ հումանիտար բնույթի կարիք, որին մենք կարող ենք աջակցել, կանենք այդ քայլը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։