Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում խոսել է Սյունիքի մարզում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, նա անդրադարձել է Սեւ լճի շրջանում տիրող իրավիճակին։ Նա ասել է, երեկվա համեմատ իրավիճակի փոփոխություն չկա․ ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Սև լճի տարածքում, այնտեղ կա նաև հայ զինվորների ներկայություն: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ բանակցությունները շարունակվում են, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց դիրքերը, այս պահին իրավիճակը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն` փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Ըստ Փաշինյանի` տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի կողմից նախապես պլանավորված սադրանք, քանզի կեղծ քարտեզներով եկել փորձել են ապացուցել, որ դա իրենց տարածքն է: Այս ամենը, խոստովանենք, որ չափազանց տարօրինակ է լսել Նիկոլ Փաշինյանից, այն դեպքում, երբ երեկ ամբողջ օրը այս մասին ահազանգեր եղել են, ու միայն 23,00-ից հետո է Փաշինյանը հաստատել։ Իհարկե տեղի ունեցավ երեկ Լավրով-Այվազյան հեռախոսազրույց, որի ընթացքում Սյունիքի իրադրությունը ներկայացվել է նախարար Այվազյանի կողմից Սերգեյ Լավրովին, բայց զարմանալի է, որ մինչ այս պահը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում ստեղծված իրավիճակը մի քանի հարցեր են առաջացնում․
• Ով է մեղավոր, որ սահմանները եղել են գրեթե անպաշտպան կամ թույլ պաշտպանված, եւ հակառակորդը մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք
• Ինչու հայկական կողմը մինչեւ այժմ երկրի ղեկավարի մակարդակով չի դիմել Հայաստանի անվտանգության երաշխավորը հանդիսացող Ռուսաստանին՝ դիվերսիոն ներթափանցման դեպքի առնչությամբ, քանի որ Փաշինյանը երեկ ԱԽ նիստում հենց այդ կերպ որակեց ադրբեջանական ներթափանցումը
• Ինչու Հայաստանը երկրի ղեկավարի մակարդակով չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության կամ իրավիճակի հանգուցալուծմանն աջակցելու խնդրանքով։ Սա արդեն Ղարաբաղը չէ, որ ՀԱՊԿ-ի ձեռքերը կապված լինեն եւ ՀՀ սուվերեն տարածքն է, որը հաստատված է, ըստ Փաշինյանի նաեւ Խորհրդային Միության ժամանակներում կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզներով
• Ինչու Փաշինյանը նոր է հիշել խորհրդային քարտեզների մասին, իսկ մինչ այդ հղում էր կատարում 2010 թվականի վարչատարածքային բաժանման օրենքին։
• Էլ ինչ կա, որի մասին հայ հասարակությունը դեռ տեղյակ չէ եւ պետք է իմանա, նման «տհաճ անակնկալների» մատուցման ֆորմատով։



