Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելի...

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։ Ի պատասխան infocom-ի հարցման՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին․

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,– ասվում է ՊՆ պատասխանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ–ին, որը առաքելություն է ուղարկել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։