Հայաստանում ՌԴ-ի հասցեին նրա ասածը հիմարությո...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Սեֆան Սերժունեի՝ Հայաստան այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը ակնհայտ թշնամանք է ցուցաբերում և ցանկանում է ճնշել Հայաստանին, սակայն Հայաստանը, չնայած դրան, շարունակում է իր ճանապարհը դեպի ժողովրդավարություն և ազատություն»։

«Դիվանագիտության տեսանկյունից միանգամայն անտաղանդ գործիչը հերթական անգամ ի ցույց դրեց իր անտաղանդությունը: Նա չգիտի պատմություն, ծանոթ չէ ավանդույթներին: Եվ կարծում եմ՝ Հայաստանում նրա ասածը ՌԴ-ի հասցեին հիմարություն է, իսկ ՀՀ-ի նկատմամբ՝ անհարգալից վերաբերմունք», - ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմի մոտ «զարմանք է առաջացնում այն փաստը, որ իրենց դաշնակիցները, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է  անում»:

«Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք թույլ չէր տա Մոսկվայի բարեկամների հասցեին, եթե որևէ մեկը այդպիսի հայտարարություններ աներ մեր տարածքում», - ընդգծել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ արևմտյան երկրները Հարավային Կովկասի հարցում մի օրակարգ ունեն՝ քայքայում:

«Նրանց միայն մի բան է պետք ՝ տարածաշրջանի երկրները մեկը մյուսի դեմ հանել»,- ասել է նա: