Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից խնամքի հաստատությունների փակ աշխատանքային ռեժիմը չեղարկվել է 2021 թվականի փետրվարի 1-ին: Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցմանը հայտնել են նախարարությունում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանի համաձայն (2020 թվականի մայիսի 15-ի 83-Ա/1)՝ նախարարության ենթակայության ներքո գործող խնամքի հաստատություններն անցել են աշխատանքային փակ ռեժիմի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը 2020 թվականի փետրվարի 27-ին հաստատությունների տնօրեններին հանձնարարել է (N Ժ/6078-2020 հանձնարարական) բացառել հաստատության շահառուների հետ տեսակցությունները, հաստատության տարածքից նրանց դուրս գալը, նաեւ կողմնակի անձանց մուտքը հաստատություն։
Այդ հանձնարարականը կատարվել է՝ հաշվի առնելով շուրջօրյա հաստատություններում բնակվող շահառուների՝ տարիքով պայմանավորված ուղեկցող հիվանդությունները, որոնցով պայմանավորված՝ նրանք առավել խոցելի են դառնում վիրուսային հիվանդությունների ժամանակ:
Աշխատանքային փակ ռեժիմը կշարունակվի մինչեւ 2021 թվականի փետրվարի 1-ը։
Համաձայն նախարարի հրամանի` 4 մանկատուն դեռեւս շարունակում է խնամք իրականացնել փակ ռեժիմով, իսկ մնացած բոլոր երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում երեխաների տեսակցությունը հարազատների հետ իրականացվում է խստորեն պահպանելով անվտանգության կանոնները։