Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր: Այս մասին հայտնել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը:
« 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեն «Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը․ Քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ» վերնագրով հաղորդագրություն է տարածել, որում նշվել է հետևյալը․ «Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությունը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին։
Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։
Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնում նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։
Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է։
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։
Ավելին՝ չնայած, որ վարույթն իրականացնող մարմինն անօրինական կերպով կտավների սեփականատերերին զրկել է իրենց սեփականությունն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից, սակայն մինչ այս պահը կտավների սեփականատերերին կամ նրանց փաստաբաններին չեն տրամադրել այդ կտավները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք Ազգային պատկերասրահին ի պահ հանձնելու մասին որոշումը։
Եվ դա այն դեպքում, որ օրենքը հստակ նախատեսում է, որ եթե իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել իր մոտ, ապա դրանք առաջնահերթ կարգով վերադարձվում կամ ի պահ են հանձնվում հենց դրանց օրինական տիրապետողներին։
Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։
Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել, ինչպես և պնդել է պաշտպանության կողմը և դրանց առգրավումն միայն նման անօրինական նպատակ է հետապնդել։
Եթե դրա անհրաժեշտությունն առկա է, ապա Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից։
Նշենք, որ այս բոլոր հարցերի պարզաբանման նպատակով գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե և պատասխանը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, այս հարցի կապակցությամբ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը:



