
Հայաստանում Շինարարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
Փոխվարչապետը շնորհավորել է շինարարներին և հանձնել է մասնագիտական տոնի առթիվ մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները։ Երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Բաղրամյանշին» ԲԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը և «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։ Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն Դավիթ Քոչարյանը և «ԱռսԹոռ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արսեն Ղահրամանյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է 2025թ. 1-ին կիսամյակում շինարարության ծավալների 18.5% աճին և դրանց արտացոլմանը պետբյուջեի հարկային եկամուտներում։ Մասնավորապես՝ շինարարության ոլորտից այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։
«Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ շինարարներն արդեն հարմարվել են կառավարության ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերի այս աննախադեպ ծավալին` կատարելագործելով ռեսուրսները և կարող են համապատասխան տեմպով ու որակով շինարարություն իրականացնել։ Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ մատնանշելով Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի տեղայնացումը, քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը միտված կազմակերպությունների վարկանիշավորումը։
Քաղաքաշինության Կոմիտեի նախագահը Հայաստանի շինարարների միության նախագահի հետ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ապա շինարարների հանձնել ԿԳՄՍ նախարարության մեդալ և շնորհակալագիր։
Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կառավարության կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության և ոլորտի ներկայացուցիչների գնահատման համար և կարևորել պետական կառույցների հետ համագործակցությունը։
Շինարարության բնագավառի նվիրյալները պարգևատրվել են նաև Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Միջոցառումն ամփոփվել է երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ։