ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։
«Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը բարելավվել, այլ նաև նոր տեխնոլոգիաներ ներդնել շինարարության ոլորտում, ինչպես նաև նախագծերը կատարել եվրոպական երկրներում ավելի մեծ փորձառություն անցած նորմերով»,- մանրամասնեց Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ դրանով կապահովվի շենքերի, կառույցների էներգաարդյունավետությունը, հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը։