Հայաստանում կներդրվի հանրապետական շտապօգնությ...

Հայաստանում հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը կամփոփվի 2024 թվականին:

Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ հարցին:

Նախարարը նշեց, որ շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված 2023-ին մինչև 10 տոկոսի բարձրացում են ապահովել: «Սա, իհարկե, բավարար չէ: Աշխատավարձերի վերանայումը մեր ամեն տարվա կարևոր նպատակներից է»,-ասաց նա:

Ավանեսյանը շատ կարևորեց, որ այդ վերանայումը փոխի նաև բովանդակությունը:

«Այս տարի արդեն իսկ մենք կամփոփենք և կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը: Դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի նաև շտապօգնության ծառայության բովանդակությունը»,-ասաց նախարարը:

Ներդրված նոր բովանդակության շրջանակներում էլ կվերանայվեն նաև աշխատավարձերը: