Հայաստանում կառուցվում է ԵՄ չափանիշներին համա...

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը»,  որի շրջանակներում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայրը, աղբի փոխաբեռնման կայանները, ինչպես նաև  երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված  արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ:

Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P): 

Ծրագրի շրջանակներում կառուցվել են Հրազդան համայնքի տարածքում առաջին սանիտարական աղբավայրը՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով և Ակունք ու  Մարտունի բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանները։

Արդեն իսկ ձեռք են բերվել 28 աղբատար մեքենաները /Ռենո մակնիշի/,  6000 աղբամանները, աղբավայարի շահագործման համար տոփանիչ մեքենան, բուլդոզերը, ամբարձիչը, ինքնաթափ բեռնատարը, կեղտաջրերի հավաքման բեռնատարը։

Ծրագրի շրջանակներում երկու մարզերի 12 քաղաքային բնակավայրերի կողմից հիմնվել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊ ընկերությունը, սակայն ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված չեն Ընկերության պահպանման և մեկնարկի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

Կառավարություն իր այսօրվա նիստում որոշեց այդ նպատակով հատկացնել  34 մլն 720 հազար դրամի չափով: