
Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսանդրո Ֆերանտին իր թիմի հետ պաշտոնական այցով եղել է Դիլիջանում։
Դիլիջանում դեսպանը հանդիպել է հեղինակավոր Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի թիմի հետ։ Այցը կարևոր հանգրվան էր Իտալիայի և Հայաստանի միջև կրթության, մշակույթի և կայուն զարգացման ոլորտներում խորացող համագործակցության ճանապարհին։
Այցի ընթացքում դեսպան Ֆերանտին և նրա թիմը հանդիպել են դպրոցի վարչական կազմի, ակադեմիական և ծրագրային թիմերի ներկայացուցիչների հետ, ծանոթացել են Apicius Armenia դպրոցի տեսլականին, առաքելությանը և երկարաժամկետ նպատակներին։ Նրանք շրջայց են կատարել դպրոցի շինհրապարակում, որտեղ ակտիվորեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ այս տարվա սեպտեմբերին հանդիսավոր բացմանն ընդառաջ։
Դեսպանն ականատես եղավ, թե ինչպես է ձևավորվում ժամանակակից կրթական հաստատությունը, որը կծառայի որպես միջազգային չափանիշներին համապատասխանող հարթակ՝ հյուրանոցային կառավարման, խոհարարության, հրուշակագործության, գինու և ըմպելիքների ուսումնասիրության, ինչպես նաև միջոցառումների կազմակերպման ոլորտներում։ Դպրոցը կառուցվում է Ֆլորենցիայում գործող Apicius International School of Hospitality-ի ակադեմիական ստանդարտներին համապատասխան՝ համադրելով միջազգային փորձառությունն ու տեղական համատեքստի կարևորությունը։
Դեսպան Ֆերանտին իր բարձր գնահատականն է տվել նախաձեռնությանը՝ ընդգծելով նման հաստատության հիմնումը Հայաստանում որպես ռազմավարական նշանակություն ունեցող քայլ։
«Apicius Armenia դպրոցն ընդհանուր արժեքների խորհրդանիշ է, կրթության մեջ գերազանցության և մշակութային փոխանակման վերափոխող ուժի արտահայտություն։ Դիլիջանում իր դռները բացելով՝ այս հաստատությունը միավորում է իտալական ակադեմիական ավանդույթների լավագույն դրսևորումներից մեկը Հայաստանի ներուժի հետ՝ որպես տարածաշրջանային կենտրոն հյուրասիրության, զբոսաշրջության և նորարարության ոլորտներում։ Շատ ուրախ եմ, որ Իտալիան այս կարևոր առաջընթացի մաս կարող է կազմել»,-ասել է դեսպանը։
Դեսպանի և նրա թիմի այցը ևս մեկ անգամ վերահաստատում է Իտալիայի և Հայաստանի միջև ամուր դիվանագիտական, կրթական և մշակութային կապերը՝ միաժամանակ ընդգծելով Դիլիջանի աճող դերը՝ որպես միջազգային, առաջադեմ կրթական նախաձեռնությունների կենտրոն։