
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում երկարաձգեց համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև նոյեմբերի 1–ը։
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը նախաձեռնել և կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նախագծով առաջարկվել է փոփոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները:
Նշենք, որ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգման մասին այս տարվա հունվարի 31–ին բանավոր հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր հայտարարությունը նա պատճառաբանել էր նրանով, որ նույնականացման քարտ ստանալու հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է հասնում և շատերը չեն հասցնի լրացնել հայտարարագիրը։
Հիշեցնենք նաև` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։