Հայաստանում հարկային տեռոր չկա, եթե խոսում եք տեռորի մասին, պետք է օրինակներ բերել: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:
Ավետիսյանը հետաքրրքվեց, թե ինչու են հարկերը պակաս հավաքագրվել, և ՊԵԿ-ին մեղադրեց հարկային տեռոր իրականացնելու մեջ:
«Մենք շատ ընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց Բադասյանը:
Ինչ վերաբերում է հարկերի պակաս հավաքագրելուն, Բադասյանն ասաց. «Դուք լավ գիտեք, որ տարվա ընթացքում այդ ցուցանիշները փոխվում են՝ կախված տնտեսության արձանագրած ցուցանիշներից, և կառավարությունը միշտ փորձում է ոչ թե լավ արդյունքներ կանխատեսել, այլ շատ ավելի լավ: Այս տարի շատ լավի փոխարեն լավ արդյունքներ ենք արձանագրել»:
Բադասյանը նշեց՝ պլանավորում էին, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, բայց, նոր կանխատեսմամբ, կաճի 7 տոկոսով, ինչը վատ ցուցանիշ չէ:
«Ես երբ ասում եմ մեր պետբյուջեի եկամուտները կրկնապատկվել են, ես չեմ գովում ՊԵԿ-ին, ես առաջին հերթին գովում եմ հարկ վճարողներին, որոնք կամավոր կարգապահությամբ այդ ցուցանիշը ապահովել են»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են, օրինակ, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։
«Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,- եզրափակեց Բադասյանը։