«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,- նշել է նա։
Ռուսաստանի փոխվարչապետը շեշտել է, որ Մոսկվայում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Ըստ նրա՝ գործընթացները մտահոգիչ են.
«Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով, իսկ դրանք փաստում են, որ նախ խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացրել են երկաթուղային կոնցեսիայի հարցը։ Ինչպե՞ս արձագանքել դրան»,- հարց է հնչեցրել Օվերչուկը:
Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։
Ապրիլի 1-ին թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով Ռուսաստանը ոչ Երևանի, ոչ Աստանայի հետ բանակցություններ չի վարում։



