Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբ...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Հայաստանում, այսօր, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ ստորագրվել է Կենսաբանական անվտանգության միջակառավարական հուշագիր։

Ընդհանրապես, եթե ուշադիր նայենք, ապա Լավրովի Հայաստան այս այցը, որը Կովկասյան տուրնեի առաջին մասն է կազմում, բավական հետաքրքիր էր ու ժեստերով հարուստ՝ սկսած Ծիծեռնակաբերդ այցելությունից մինչեւ «Զանգեզուրի միջանցքին» առնչվող Ալիեւի սպառնալիքների հակադարձում։ Սակայն հետաքրքրականն այստեղ նաեւ նշված հուշագիրն է։ Ռուսաստանի համար, սեփական անվտանգության համակարգում առանցքային դերակատարություն ունի կենսաբանական անվտանգությունը։

Այս համատեքստում Մոսկվան ամեն պատեհ առիթի մեջտեղ է բերում այսպես կոչված հետխորհրդային տարածքում «Լուգարի անվան լաբորատորիաների» խնդիրը, որոնք համարում է սպառնալիք իր համար։ Ինչպես հայտնի է Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների թեման ասպարեզ իջավ այն բանից հետո, երբ վրացական պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն հրապարակեց փաստաթղթեր այն մասին, որ Վրաստանում կան կենսաբանական լաբորատորիաներ, որտեղ ամերիկյան փորձագետները հնարավոր է զբաղվում են կենսաբանական զենքի մշակմամբ եւ մարդկանց վրա փորձարկումներով։ Գեորգաձեն ասել էր, որ ինքը դիմել է ԱՄՆ նախագահին՝ խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիաների գործունեությունը։

Հայտնի է, որ նման լաբորատորիաներ կան, բացի Վրաստանից, Հայաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում։ Այս առնչությամբ ՌԴ Պնախարարությունը եւս հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր, որ նախկին պետանվտանգության նախարար Իգոր Գեորգաձեի տրամադրած փաստաթղթերը կուսումնասիրվեն եւ կներկայացվեն ռուսական եւ միջազգային հանրության ուշադրությանը։ ՌԴ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ դիմելու է ԱՄՆ-ին՝ այդ լաբորատորիաների հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով։

Ընթերցողը թերեւս կհիշի, որ իր պաշտոնավարման սկզբում դեռ, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում, ըստ էության, չէր հերքել, որ նման լաբորատորիա Հայաստանում կա, սակայն եւ ասել էր, որ այդ լաբորատորիան գործում է Հայաստանի իշխանությունների ներքո, եւ մոտավորապես հարցազրույցից երկու շաբաթ առաջ ռուս մասնագետներին ինքը թույլ է տվել, որ մուտք գործեն լաբորատորիաներ։ Եվ շեշտել է՝ ռուս մասնագետները երբ ուզեն, կարող են մտնել, չի լինի որեւէ խոչընդոտ:

Անցնող մոտ երեք տարիներին այս հարցը պարբերաբար այսպես ասած «առկայծում» էր հայ ռուսական հարաբերությունների համատեքստում, եւ այսօրվա Լավրովի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ ինչ որ դրական պրոգրես այս առումով գրանցվել է։ Սակայն ուշագրավն այն է, որ այդ հուշագրի մասին խոսվում է Հայաստանի համար, ըստ էության, նախընտրական շրջանում։ Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ այս հարցը դարձրել է իր վերարտադրության մասով ռուսների հետ քաղաքական առեւտրի մի մասը։