Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։
Փաշինյանն այդ մասին ասաց Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանն ունեցած ելույթում։
«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության գործունեությունը, և հատկապես մեր գաղափարաբանության և ժողովրդավարության ընկալումների պայմաններում դժվար է գերագնահատել քաղաքացիական հասարակության դերը մեր իրականության մեջ։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր եմ համարում, որ մենք շարունակում ենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի Կառավարության, քաղաքական մեծամասնության և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործակցությունը լինի առավել ինստիտուցիոնալ, առավել համակարգված և այդ ամենի արդյունքում՝ ավելի արդյունավետ և ավելի կառուցողական։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ մենք, թեև ժողովրդավարության ու պետության, տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթացներ ենք արձանագրել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մենք առերեսվում ենք, որ շարունակաբար ունենք լրջագույն պրոբլեմներ, և այդ լրջագույն պրոբլեմների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է։ Բայց նաև այդ պրոբլեմների լուծման բանաձևեր փնտրելիս՝ մենք բախվում ենք առաջին և նույնիսկ երկրորդ ու երրորդ հայացքից աննկատ խնդիրների։ Մասնավորապես, դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում»,- նշեց վարչապետը։
Վարչապետը հավելեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը Հայաստանի կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ նրանք, արդարության ակնկալիքը ունենալով որպես հեղափոխության օրակարգերից մեկը, դեռևս չեն կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ «Այստեղ կա ճշմարտություն, բայց երբ մենք փորձում ենք հասկանալ պրոբլեմը, բախվում ենք առաջին հայացքից շատ պարզունակ մի հարցի՝ իսկ ի՞նչ է արդարությունը, և ի՞նչ է արդարադատությունը։ Եվ պարզվում է, որ այս հարցի շուրջ միասնական ընկալում չկա։ Ընդ որում, ոչ միայն համընդհանուր, այլ նաև որոշակի գաղափարաբանական և դիտանկյունային էական տարբերություններ կան ընդհուպ մասնագիտական խմբերի մեջ։ Օրինակ՝ իրավաբաններն արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողներ՝ երրորդ բանը, քաղաքացիները՝ չորրորդ բանը։ Ընդհանրապես արդարադատության հեռ առնչվող կողմերը երկուսն են, և սովորաբար մեկը հաղթում է, իսկ մյուսը պարտվում։ Ինչպե՞ս հասնել նրան, որ և պարտվողը, և հաղթողն ընդունելի համարեն, որ տեղի ունեցածն արդարություն և արդարադատություն է։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով՝ ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը պրոցեսների և ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի՝ ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ես մեր գործընկերներին ասել եմ, որ Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պետք է լուծենք՝ առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով։ Որովհետև Հայաստանում արդարադատությունը և արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունն ու արդարադատությունը համապատասխանությունն է Սահմանադրությանը և օրենքներին, բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ ուզում ես արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և, ցավոք, երբեք չենք ունեցել։ Իսկ երբ աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունը խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ժողովրդի կողմից ընկալվել որպես արդարություն և արդարադատություն։ Ես սա չեմ ասում որպես Հայաստանի վարչապետ, ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև ես ինքս էլ չունեմ Հայաստանում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, և սա ֆունդամենտալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց, որ այս առումով ՀՀ իշխանությունները կարևորում են համագործակցությունը Եվրամիության հետ։ Նա նշեց, որ վերջերս ՄԻԵԴ-ում իր ունեցած հանդիպումների ընթացքում ինքը շեշտել է, որ ՀՀ իշխանությունների խնդիրը չէ եղած խնդիրները քողարկելն ու ցույց տալը, որ ամեն ինչ լավ է։ «Ընդհակառակը, եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն այն է, որ մենք ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալներն ուղղելու, որովհետև եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մենք պետք է հասնենք այնպիսի վիճակի, որ չսխալվենք, դա ճիշտ չէ, որովհետև սխալվում են բոլորը։ Հետևաբար, մենք չպետք է խնդիր դնենք, որ չպետք է սխալվենք, որովհետև եթե նման խնդիր դնում ենք, մենք առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք։ Եվ սա է մեր ընկալումը, մենք պետք է աշխատենք, որ չսխալվենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չսխալվենք, բայց մենք պետք է հասկանանք, որ սխալվելու ենք։ Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ սխալները լինեն հնարավորինս թեթև, և լինեն այդ սխալներն ուղղելու մեխանիզմներ։ Այս ընկալումն է մեզ համար գործելակարգը»,- նշեց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև հնչող կարծիքներին, թե Կառավարությունը դեռևս սվիններով է ընդունում քաղաքացիական հասարակության կողմից հնչող առաջարկները։
«Ես հասկանում եմ այդ շեշտադրումը, բայց, կներեք, ես համաձայն չեմ, որ Կառավարությունը կամազուրկ մի ամորֆ մարմին է, որ քաղաքացիական հասարակությունն ինչ ասի, պետք է հլու կատարի։ Ուրեմն եկեք դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք, առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ Կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի։ Իմ ասածն այն է, որ պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև այն, ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է»,- ասաց Փաշինյանը։



