
Հայաստանում 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, առևտրի շրջանառությունը կազմել է 4 տրլն 140 մլրդ 619.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 3.9 տոկոսով:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ընդ որում, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 260 մլրդ 181 մլն դրամ: Մեծածախ առևտրի շրջանառությունն 8 ամսում կազմել է 2 տրլն 717 մլրդ 174.5 մլն դրամ՝ աճելով 3.4 տոկոսով:
Իսկ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) աճել է 6 տոկոսով՝ կազմելով 163 մլրդ 264.1 մլն դրամ:
Հանրապետությունում մանրածախ առևտրի գերակշիռ մասը՝ 83.5 տոկոսն իրականացվել է խանութներում՝ 1 տրլն 52 մլրդ 211.9 մլն դրամի: Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվել է ընդհանուր մանրածախ առևտրի 3.4 տոկոսը՝ 42 մլրդ 597.8 մլն դրամի: Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրականացված առևտրի շրջանառությունը կազմել է 10 մլրդ 725.3 մլն դրամ՝ մանրածախ առևտրի 0.8 տոկոսը: Կրպակներում 8 ամսում իրականացվել է 15 մլրդ 23.5 մլն դրամի առևտուր՝ ընդհանուր մանրածախ առևտրի 1.2 տոկոսը: Առևտրի այլ օբյեկտներում իրականացվել է 139 մլրդ 622.5 մլն դրամի առևտուր: