Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին: Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«5 հարկանի ռեստորան են սարքում, որտեղ աթոռները ոսկեջրած են, սակայն երբ զուգարանի դուռը բացում ես, քեզ թվում է, որ աղետյալ շրջանում ես գտնվում»,-ասաց վարչապետը՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք ստանդարտներ գոյություն ունեն:
Պարզվեց, որ ստանդարտներ կան և կառավարությունում փոփոխություններ են պատրաստում դրանց մասով, որպեսզի այդ ստանդարտները համապատասխանեցնեն ժամանակակից պահանջներին: Հաստատված նորմերը կարող են լինել առաջիկա շաբաթվա ընթացքում, որից հետո աշխատանքներ կտարվեն նաև տուգանքների խստացման մասով: Իսկ եթե նորմերը խախտվեն, օբյեկտների գործունեությունն անգամ կարող է կասեցվել:
Փաշինյանի խոսքերով, չի կարելի կառուցել 500 հազար դոլարանոց ռեստորան, սակայն 50 դոլար ավել չծախսել նորմալ զուգարան ունենալու համար:
Կառավարության նիստում խոսեցին նաև գազալցակայանների զուգարանների մասին:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ միջպետական ճանապարհներին գտնվող գազալցակայաններում արդեն երկու անգամ ստուգումներ կատարվել են, որոշ հարցեր կարգավորվել են, սակայն կա հարցը մշտական ուշադրության կենտրոնում պահելու խնդիր: Պապիկյանի խոսքերով, հարցի արդյունավետ լուծման համար պետք է խստացնել պատիժները, ընդհուպ մինչև կասեցնել տվյալ գազալցակայանի գործունեությունը:



