
Հայաստանում 2024 թվականի ընթացքում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճերով։
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այդուհանդերձ, երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5.9 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում համախառն պահանջարկը ճշգրտվել է, ևս մոտեցել իր կայուն մակարդակին։ Պահանջարկի կառուցվածքում դիտվել է արտաքին պահանջարկի աճի տեմպի աստիճանական դանդաղում՝ կապված առավելապես զբոսաշրջության հոսքի նվազման հետ։ Փոխարենը զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին նպաստել են եկամուտների շարունակական ավելացումն ու նախկինում կուտակված խնայողությունների ծախսումը»,- ասաց Գալստյանը։
Նա հավելեց, որ պահանջարկի աստիճանական դանդաղումն ու աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմել են աշխատաշուկայի պայմանները։ ԿԲ նախագահի խոսքով՝ այս ամենն արտահայտվել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների կայունացմամբ։
«Գնաճային նման զարգացումների ներքո 2024 թվականին մենք շարունակել ենք աստիճանաբար նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ 2.25 տոկոսային կետով և դեկտեմբերին այն կազմել է 7 տոկոս։ Ընդ որում, նախապատվությունը մշտապես տրվել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացմանը»,- ընդգծեց ՀՀ ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2024 թվականի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0.9 տոկոս։