
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը:
Նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի ապրիլի 15-ին՝ Երևանում:
Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։
Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն միգրացիայի՝ մի կողմ պետության տարածքում գտնվող՝ մյուս կողմ պետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն, մասնավորապես՝
վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում,
կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում,
փորձի փոխանակում և գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում՝ ի հայտ եկող հարցերում,
կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում,
կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում։
Նշված կարգավորումներն իրականացվելու են կողմերի ներպետական օրենսդրությունների և միջազգային պարտավորություններիհամաձայն։