Հայաստանն ու Ռուսաստանը թշնամական երկրներ են....

Ֆիզիկոս Ներսես Գևորգյանը այսօր կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում՝ «Պահանջում եմ չստել և հայտարարել, որ Ռուսաստանը թշնամի է» պաստառով:

«Մենք շատ վաղուց մի ստի մեջ ենք ապրում՝ իբր թե Ռուսաստանը մեր բարեկամ երկիր է, ռազմավարական դաշնակից է: Իրականում լրիվ հակառակն է՝ մենք թշնամական երկրներ ենք: Դա ապացուցվել է թե՛ պատմական փաստերով, թե՛ աշխարհաքաղաքական գործոններով, հետևաբար ես պարզ պահանջ եմ ներկայացնում, որպեսզի գոնե սուտ չխոսվի, և բոլորն իմանան իրականությունը: Հասարակությունը պետք է պահանջ ներկայացնի՝ պարզելու, թե ինչու է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, ինչու էին սումգայիթյան ջարդերը, ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ. այդ բոլորի հետևում միշտ երևում են Ռուսաստանի ականջները»,-ասում է Ներսես Գևորգյանը:

Հարցին, թե փորձե՞լ է իր պահանջը ներկայացնել այլ կերպ, քան կառավարության դիմաց բողոքը ներկայացնելն է, ասաց, որ իմաստ չի տեսնում անձնական օղակներ օգտագործելով ներկայացնել պահանջը, դրա համար է կառավարության մոտ եկել:

Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ բողոքն արձագանք կստանա՞, ասաց՝ կյանքը ցույց կտա:

Հայ-ռուսական հարաբերություններում, ցուցարարի կարծիքով, որևէ դրական առաջընթաց սպասելն անիմաստ է.«Եթե նախորդ Ազգային Ժողովն ընդունել է այդ քաղաքականությունը, ապա այս գումարման ԱԺ-ի կողմից այդ քաղաքականության շարունակումն ինձ համար անընդունեի է, ոչ մի հիմք չեմ տեսնում, և փորձում եմ հարցը հանրայնացնել»,-նշեց Ներսես Գևորգյանը: