Դեյնա Ուայթը մերժել է Թրամփի առաջարկը՝ դառնալ...

Խառը մենամարտերի ամերիկյան խոշորագույն կազմակերպության՝ Ultimate Fighting Championship-ի (UFC) ղեկավար Դեյնա Ուայթը նոյեմբերի 9-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ զբաղեցնելու մամուլի քարտուղարի պաշտոնը։ Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։

Նոյեմբերի 7-ին Թրամփը սոցիալական հարթակում անակնկալի էր բերել հանրությանը՝ հայտարարելով, որ Ուայթին առաջարկել է ստանձնել այդ պաշտոնը։ Սակայն մեկ օր անց ԱՄՆ նախագահը նշել էր, որ «պարզապես կատակում էր»։

Նոյեմբերի 9-ին Ուայթն այցելել է Սպիտակ տուն, որտեղ Թրամփը նրան հրավիրել է ճեպազրույցների սրահ և անսպասելի զրույց է ունեցել լրագրողների հետ։

«Ուրեմն թույլ տվեք ձեզ տալ ամենակարևոր հարցը։ Կցանկանա՞ք դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների մամուլի քարտուղարը, թե՞ պարզապես նախընտրում եք մնալ այդ անհեթեթ UFC-ում», - հարցրել է Թրամփը։

«Շնորհակալություն առաջարկի համար, սըր։ Ոչ, ոչ, ես չեմ ցանկանում զբաղվել քաղաքականությամբ», - պատասխանել է Ուայթը։

Թրամփը ժպտացել է և դուրս եկել սրահից՝ ասելով. «Ես վշտացած եմ այդ պատասխանից։ Ցտեսություն բոլորին»։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Քեթի Զաքարիան հոկտեմբերի 16-ին լքել է այն՝ պաշտոնավարելով ընդամենը 5 օր։ Նրանից առաջ շուրջ 1,5 տարի այդ պաշտոնը զբաղեցնում էր Քերոլայն Լևիթը, որի պաշտոնաթողության մասին հայտարարվել էր օգտոստոսին։