Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը նախատեսվում է կանգնեցնել 2036-ին։ 2036թ. լրանում է գործող էներգաբլոկը շահագործման մեջ մտցնելու 50 տարին։ Մեծամորի ԱԷԿ-ի տիպի էներգաբլոկների շահագործման ժամկետը կազմում է 60 տարի, բայց այն ВВЭР-400-ի առաջին սերնդից է եւ վերջինն է այդ տեսակի աշխատող բլոկներից։
Հայկական ԱԷԿ-ը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Կայանը երկրում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, ապահովում է ընդհանուր էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։ Նրա ռեսուրսը երկարացվել է մինչեւ 2026թ., կատարվում են եւս 10 տարով երկրորդ երկարացման աշխատանքներ։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ. սեպտեմբեր-նոյեմբերին եւ ավարտել երկու տարվա ընթացքում։
Նախատեսվում է նաեւ 8-10 տարում կառուցել նոր ԱԷԿ, այժմ համեմատվում են մի քանի տարբերակներ, եւ ուսումնասիրվում է օտարերկրյա գործընկերների փորձը։
2022թ. հունվարին «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի եւ «Ռոսատոմ» ԲԸ-ի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում սկսվել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը պատրաստվելու գործընթացը։ Դիտարկման փուլում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մշակած 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Բացի այս նախագծից, հայկական կողմն ուսումնասիրում է Հարավային Կորեայի գործընկերների առաջարկներն ու փորձը (այնտեղ գործարկվում են 1400 ՄՎտ, 1000 ՄՎտ հզորությամբ կայաններ, մոդուլային բլոկներ), ԱՄՆ (300 ՄՎտ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների նախագծեր) եւ Ֆրանսիայի առաջարկները։
«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանին ռուսական դիզայնի ԱԷԿ ВВЭР -1200 ռեակտորներով
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է ռուսական դիզայնի ԱԷԿ ВВЭР ռեակտորներով, որոնք աչքի են ընկնում բարձր անվտանգությամբ եւ տնտեսական արդյունավետությամբ։ Այս մասին Լենինգրադի ԱԷԿ պրես-տուրի շրջանակում հայաստանցի լրագրողների հետ զրույցում նշել է «Կոնցեռն Ռոսէներգոատոմ» ԲԲԸ «Լենինգադի ԱԷԿ-2» մասնաճյուղի տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Նիկոլայ Կաշինը։
«Նոր էներգաբլոկները կայանների առավել տարածված եւ տեխնիկապես առավել կատարելագործված տեսակի՝ ВВЭР-1200-ով (III+ սերնդի ջրա-ջրային էներգետիկ ռեակտորներ) ԱԷԿ-ի էվոլյուցիոն զարգացման արդյունքն են։ Նույն տեսակի ավանդական էներգաբլոկների համեմատ ВВЭР-1200 նախագիծն ունի մի շարք առավելություններ, որոնք էապես բարձրացնում են նրա անվտանգությունն ու տնտեսական բնութագրերը։ Ռեակտորի կայանքի հզորությունը նախորդ սերնդի համեմատ (ВВЭР-1000) ավելացել է 20 տոկոսով, անձնակազմի թվաքանակը նվազել է 30-40 տոկոսով, հիմնական սարքավորման ծառայության նախագծային ժամկետն ավելացվել է 2 անգամ եւ կազմում է 60 տարի՝ եւս 20 տարի երկարացնելու հնարավորությամբ»,- նշել է Կաշինը։
Որո՞նք են ВВЭР-1200 էներգաբլոկի առավելությունները
Ռուսաստանի ամենամեծ ատոմակայանում՝ Լենինգրադի ԱԷԿ-ում, գործում են երկու տարբեր տեսակի էներգաբլոկներ՝ կանալային ուրան-գրաֆիտե եւ ջրա-ջրային։ Վեց էներգաբլոկներից երկուսը՝ РБМК-1000, կանգնեցվել են շահագործումից հանելու համար, դրանք փոխարինել են ВВЭР-1200 բլոկներով. էներգաբլոկի հենց այդ մոդելն է առաջարկվում Հայաստանին։
ВВЭР-1200-երը արդյունաբերական շահագործման մեջ են մտցվել 2018 եւ 2021թթ.։ ВВЭР-ը՝ ջրա-ջրային ռեակտորը, ամենաանվտանգն է աշխարհում։ Միջուկային վառելիքը եւ ջուրը, որն այն տաքացնում է, լիովին մեկուսացված են այլ համակարգերից։ Սա առաջին կոնտուրն է։ Ջերմությունը գոլորշու գեներատորների միջոցով փոխանցվում է տուրբինին. այն առանձին բունկերում է։
Մասնագետների խոսքով՝ այդ բլոկները արգելակում են վթարը, ինչպես, օրինակ, «Ֆուկուսիմա» ԱԷԿի-ի վթարի դեպքում էր։ Դա ավելի արդյունավետ, ավելի հզոր բլոկ է, 20 տոկոսով ավելի հզոր ВВЭР-1000-ից։
Ո՞րն է ՌԴ առաջարկած էներգաբլոկի առավելությունը եւ ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը պետք է նախապատվությունը տա հենց դրան հարցին Կաշինը պատասխանել է, որ գործարկման մեջ մտցված կայաններն արդեն փորձարկվել են եւ, օրինակ, առաջին բլոկը, որն աշխատում է ԼԱԷԿ-ում 2018 թվականից, աշխատել է արդեն հինգ տարի առանց որեւէ վթարի, չի գրանցվել որեւէ արտահաստիքային իրավիճակ։ Ռուսական էներգաբլոկի առավելությունն այն է, որ այն փորձարկվել է եւ աշխատում է։ Բացի այդ, Հայաստանում կան ՌԴ-ում ուսանած մասնագետներ, ավելի լավ է վերցնել պատրաստին եւ փորձարկվածը։ Եվ որ ամենագլխավորն է, եթե մենք էներգաբլոկ ենք տալիս, ապա մենք դրան «տեր ենք կանգնում»՝ օգնում ենք կարգավորել, գործարկումը կազմակերպել»։
Կաշինը նաեւ նշել է էներգաբլոկների անվտանգության աննախադեպ համակարգի առկայությունը եւ ավելացրել է, որ դրանք ծախսատար են։
ВВЭР-1200-ների գլխավոր առանձնահատկությունն անվտանգության ակտիվ եւ պասիվ համակարգերի հազվագյուտ համադրությունն է, ինչը կայանը դարձնում է առավելագույն չափով կայուն արտաքին եւ ներքին ներգործությունների հանդեպ։ Մասնավորապես, ВВЭР-1200-ով բլոկում օգտագործվում են. «հալման որոգայթը»՝ սարք, որը ծառայում է միջուկային ռեակտորի ակտիվ գոտու հալման տեղայնացման համար, գոլորշու գեներատորների միջոցով ջերմության պասիվ հեռացման համակարգ (СПОТ), որը կոչված է, էլեկտրամատակարարման բոլոր աղբյուրների բացակայության պայմաններում, ապահովել մթնոլորտ ջերմության երկարատեւ հեռացումը ռեակտորի ակտիվ գոտուց եւ այլն։ Գործող կայաններից ոչ մեկն աշխարհում չունի նման անվտանգության համակարգ։
Նշենք, որ ներկայում ВВЭР-1200 երկու էներգաբլոկ աշխատում է Վորոնեժի ԱԷԿ-ում, երկուսը՝ Լենինգրադի ԱԷԿ-ում, մեկ բլոկ Բելառուսի ԱԷԿ-ում։
Մեծ հզորությամբ ԱԷԿ-ը կարող է դառնալ լուրջ հիմք Հայաստանի անվտանգության համար
Մեծ հզորությամբ ԱԷԿ-ի շինարարությունը Հայաստանին թույլ կտա մնալ միակ երկիրը Հարավային Կովկասում, որը կունենա պետության կարգավիճակ, որը զարգացնում է խաղաղ ատոմը, ինչն անվտանգության լուրջ հիմք է։ Լրագրողների հետ զրույցում էներգետիկական անվտանգության գծով փորձագետ Վահե Դավթյանը եւս նշել է, որ հզոր ԱԷԿ-ի առկայությունը Հայաստանին հնարավորություն կտա ներկայանալ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա եւ Ֆրանսիա)՝ ԱԷԿ-ի կառուցման առաջարկները։ Փորձագետը նշել է, որ կոնկրետ առաջարկ արել է Ռուսաստանը։
Դավթյանի խոսքով՝ ԱՄՆ-ն առայժմ Հայաստանի կառավարությանը փոքր հզորության մոդուլային կայանի վերջնական նախագիծ չի ներկայացրել. «Ներկա պահին գործնականում կարելի է գնահատել միայն Ռուսաստանի առաջարկությունը։ Փոքր էլեկտրակայանները բավական հետաքրքիր են եւ հեռանկարային, բայց միայն այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են որպես պահուստային միջոցներ։ Բայց Հայաստանին պահուստային կայաններ պետք չեն։ Մոդուլային կայանների առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս էլեկտրաէներգիա մատակարարել դժվարհասանելի տեղերում։ Հայաստանում նման խնդիր չկա։ Նման խնդիր առաջանալու դեպքում այն կարելի է լուծել՝ իրականացնելով տարբեր նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ կառուցելով արեւային եւ հողմակայաններ»։
Խոսելով ռուսական առաջարկի առավելության մասին՝ նա նշել է, որ գոյություն ունի միասնական ակադեմիական դպրոց, որը ձեւավորվել է 80-ական թթ.։ Ատոմային էներգետիկայի հայ մասնագետները գործում են այդ դպրոցի տրամաբանությամբ։ Նա նշել է, որ սա մեծ առավելություն է։
Ինչ վերաբերում է արծարծվող այն կարծիքին, որ 1200 ՄՎտ-ն չափազանց շատ է Հայաստանի համար, եւ այն էներգահամակարգում տեղակայելը խնդրահարույց կլինի, Դավթյանը նշել է, որ ամեն բան կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք մոտենում էներգահամակարգին։
«Եթե դա դիտելու լինենք սպառման տեսանկյունից, ապա, բնականաբար, մենք կարող ենք անգամ չմտածել ԱԷԿ կառուցելու մասին, մենք կարող ենք զարգացնել ջերմային էներգետիկան, կարող ենք խթանել հիդրոէներգետիկան եւ դրանով իսկ ապահովել մեր ներքին պահանջարկը։ Մենք կարող ենք անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի ներմուծումն արտաքին շուկաներից, ինչպես անում ենք այսօր Վրաստանի հետ։ Սակայն եթե դիտելու լինենք հարցն անվտանգության հարացույցում, ապա մեծ հզորությամբ ԱԷԿ-ը առաջին հերթին տալիս է բավական բարձր կարգավիճակ տարածաշրջանում, պետության կարգավիճակ, որը զարգացնում է խաղաղ ատոմը»,- ասել է Դավթյանը։
Փորձագետը նաեւ ընդգծել է, որ խնդիրը չպետք է դիտարկել բացառապես ներքին շուկայի բավարարման տեսանկյունից։ Հայաստանը պետք է ներկայանա որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։
«Այսօր խոսքը ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, ինտեգրման մասին է։ Մեծ հզորությամբ ԱԷԿ-ի առկայությունը կարող է թույլ տալ զգալիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան, իսկ ճիշտ գնային քացաքականություն վարելու դեպքում՝ նաեւ Վրաստան։ Արտահանման դեպքում կավելանա նաեւ համակարգի ՕԳԳ-ն, ինչը հնարավորություն կտա իջեցնել սակագները։ Ես համոզված եմ, որ մենք պետք է դիտարկենք նոր ԱԷԿ-ի կառուցումը «Հյուսիս-Հարավ» միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման համատեքստում, որը կոչված է միավորելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։ Եթե մենք ինտեգրվենք այդ համակարգին, կդառնանք շատ կարեւոր էներգետիկ հանգույց՝ ստանալով էներգիա արտահանելու հնարավորություն վերոնշյալ բոլոր ուղղություններով։ Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել անվտանգության եւ անգամ աշխարհաքաղաքական համատեքստում, եւ ոչ թե միայն կոմերցիոն եւ սպառողական»,- ասել է Դավթյանը։
ԱԷԿ-ի կառուցումը, Դավթյանի կարծիքով, բազմապատկիչ էֆեկտ կունենա տնտեսության տարբեր ճյուղերի վրա, օրինակ՝ կակտիվանա նաեւ գիտահետազոտական բաղադրիչը։ Դա կվերաբերի նաեւ առողջապահության ոլորտին. «Միջուկային էներգետիկան եւ նրա արտադրանքն օգտագործվում է տարբեր հիանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակ, այդ թվում եւ ուռուցքաբանության մեջ։ Ես կարծում եմ, որ դա եւս կարող է բավական մեծ հնարավորություններ ստեղծել»,- ասել է նա։



