Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են: Այս իրավիճակից ելքը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ է տալիս ապահովել արտադրանքի հետագծելիությունը: Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հաղորդում է Ինտերֆաքս-ը։
«Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ոչ բոլորն ունեն հայկական ծագում: Մենք այս խնդրով զբաղվել ենք և՛ 2024 թվականին, և՛ 2023 թվականին»,- հայտարարել է Դանկվերտը:
Դանկվերտը շեշտել է, որ ԵԱՏՄ շրջանակներում շուկաների հասանելիության դյուրինացումը հանգեցրել է մատակարարումների անտրամաբանական աճի։
«Երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի: Մեծ քանակությամբ արտադրանք, որն ուղարկվում է Ռուսաստան, չի հասնում նախատեսված վայրեր։ Բացի այդ, Հայաստանից ստացվող բեռներում հայտնաբերվել է շուրջ 900 կարանտինային օբյեկտ, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը»,- հայտարարել է Դանկվերտը:
Խոսելով կենդանական ծագման արտադրանքի մատակարարման խնդիրների մասին՝ Դանկվերտը հայտարարել է, որ այդ ոլորտում ևս արտադրանքի մի մասը կարող է լինել ոչ հայկական ծագման։
«Մենք տեսել ենք չհետագծվող արտադրանքի մատակարարումներ, ինչպիսիք են սերուցքային կարագը, պանիրները, իշխանը: Հայաստանի լեռնային գետերի իշխանը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից մատակարարումների նկատմամբ սկսել են կիրառել ավելի խիստ պահանջներ, այդ թվում՝ արտադրանքի հետագծելիության վերաբերյալ:
Ստեղծված իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում անվտանգության հսկողության տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ:
«Մեզ մոտ էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել մատակարարվող արտադրանքին և արդյունավետ աշխատել»,- ասել է նա՝ նշելով, որ միության շրջանակներում դա դեռևս չի հաջողվում:



