Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն ա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին: 

Աս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:

Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել  տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:   

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը: