
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։
Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և համերաշխության վրա։ Նա առանձնակի կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի և արժեքավոր գործընկերոջ դերը, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Կիպրոսի կառավարության մշտական աջակցության համար՝ հատկապես դժվարին ժամանակաշրջաններում։
Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ կշարունակի գործադրել առավելագույն ջանք երկկողմ հարաբերությունների ակտիվացման և խորացման ուղղությամբ՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ։
Զրուցակիցները նաև կարևորել են Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացումը, ինչը կնպաստի փոխգործակցության ընդլայնմանն ու արդյունավետ զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ապահովման անհրաժեշտությունը։