Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի էներգետիկ համ...

Ուշագրավ հայտարարություն, որը ներկայում տեխնիկական հիմք չունի. Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված չեն միմյանց միջև: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է էներգետիկ ոլորտի ռուսաստանցի փորձագետ Բորիս Մարցինկևիչը՝ մեկնաբանելով ԵՄ-ի հայտարարությունը, ըստ որի ցանկանում են միացնել Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի էներգետիկ համակարգերը:

Մարցինկևիչը պարզաբանել է, որ փոխադարձ հոսքերն այս դեպքում հնարավոր են միայն այսպես կոչված հաստատուն հոսանքի կապերի միջոցով, որոնց նախագծումն ու կառուցումը տևում է 3-4 տարի և բազմամիլիոն դոլարի ներդրումներ է պահանջում:

Մարցինկևիչը հավելել է, որ եթե ԵՄ-ն ընդունակ է դրան, դա կարելի է միայն ողջունել, հատկապես, եթե այդ հաստատուն հոսանքի կապերի համար անհրաժեշտ ժամանակահատվածում կառուցվեն նոր էլեկտրակայաններ կամ ընդլայնվեն գործողները:

«Էլեկտրաէներգիան հրաշալի ապրանք է, եթե կարողանաս այն արտադրել լավ ծավալներով և վերջնական սպառողներին մատակարարել մրցակցային գներով»,- ընդգծել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ նպատակներով կներդնի 500 միլիոն եվրո՝ «Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար»։