Հայաստանի օպերային թատրոնը դարձել է Opera Eur...

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։

Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ Opera Europa-ն եվրոպական օպերային թատրոնների և փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները՝ ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

«Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով և երաժշտական խոր ավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի իր առաքելությունը։ Թե՛ Տիգրանյանի հուզիչ մեղեդիներով, թե՛ Խաչատրյանի բալետներով Հայաստանի մշակույթը հպարտությամբ հնչում է ողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցության արդյունքներին»,- նշված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Opera Europa-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և հայկական օպերային արվեստը համաշխարհային հարթակներում առավել տեսանելի դարձնելու տեսանկյունից։