Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին:
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք գալիք տարի նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Համոզված եմ՝ կամփոփենք այն ամենն, ինչ արել ենք համատեղ և, իհարկե, միշտ պետք է առաջ նայել, զարգացնել հարաբերությունները, գտնել համագործակցության նոր բնագավառներ, նոր ոլորտներ»:
Դեսպան Մենցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր դիվանագիտական ծառայությունը միտված է եղել երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության խթանմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցային ներուժի առկայությունը, ինչպես նաև կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Սլովենիայի սերտ համագործակցությունը: