Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին...

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների և Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաև Վիգեն Էուլջեքչյանի գործի նման հրատապ ահազանգերին արձագանքելու ուղղությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին՝ որպես ապաքաղաքական և անկախ մարմիններ, հաղորդակցություն ունենալ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ արձագանք այս առնչությամբ չի ստացվել։ Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում այն կտրամադրենք լրացուցիչ»,- ասված է գրավոր պատասխանում։

ՄԻՊ գրասենյակից նաև հայտնեցին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերն ու առկա մտահոգությունները պարբերաբար հասցեավորվում ու քննարկվում են ՀՀ իրավասու պետական մարմինների հետ։