Հայաստանի ԿԸՀ նախագահն ու արտաքին կապերի վարչ...

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը ապրիլի 15-ից 16-ը գործուղվել են Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս։

Լիտվայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական ընտրությունների խորհուրդը 2025 թվականի ապրիլի 15-ից 16-ը Վիլնյուսում կազմակերպել են Ընտրական կառավարման մարմինների 20-րդ եվրոպական համաժողովը՝ «Ընտրական օրենսդրության կայունություն. գործնական ասպեկտներ» թեմայով: Ժողովրդավարական ընտրությունների խորհուրդը Եվրոպայի խորհրդի եռակողմ մարմին է, որը կազմված է Վենետիկի հանձնաժողովի, Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամներից։

Լիտվայի գիտությունների ակադեմիայում անցկացված համաժողովը համախմբել էր ընտրությունների կառավարման մարմինների, ազգային խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների և ակադեմիական ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչներ 35 երկրներից՝ քննարկելու ընտրական օրենսդրության կայունության հետ կապված գործառնական մարտահրավերներն ու լավագույն փորձը:

Համաժողովին անդրադարձ է կատարվել մի շարք թեմատիկ հարցերի, այդ թվում՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը, քվեարկության նոր տեխնոլոգիաների կիրառումը, ընտրական վեճերի լուծման իրավական գործիքակազմը և քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողությունը։

Համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է 2024 թվականին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում ընդունված ընտրական օրենսդրության կայունության սկզբունքի մեկնաբանման հռչակագիրը։