Հայաստանի կուսակցությունների 90 տոկոսի դեպքու...

Մենք հիմա նոր ընտրակարգով համակարգը փոխել ենք, և վարչության անդամի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր ոք նաև վարչության նախագահի թեկնածու է: Մենք ժողովրդավարության ճանապարհին ևս մեկ քայլ ենք արել՝ հարմարվելով այն օրենսդրությանը, որը մենք ենք ընդունել. սա շատ կարևոր նրբություն է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին:

«Ես կարծում եմ՝ քաղաքական համակարգի կայացման առումով շատ կարևոր է, որ մենք այդ որոշումները կայացնենք, կուսակցությունը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը: Մեր կուսակցության դրամահավաքի հետ կապված՝ էն ո՞վ էր, էն մեկը կարմիր գլխարկով էր, բա էն մյուսն ո՞վ էր, ու ոչ մեկին չի հետաքրքրում՝ բա մյուս կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում, ո՞վ է ֆինանսավորում այդ կուսակցությունները, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորվում: Մեր թափանցիկությունն օգտագործում են մեր դեմ: Սա այն դեպքն է, որ ժողովրդավարությունն օգտագործվում է ժողովրդավարության դեմ: Հայաստանի կուսակցությունների 90 տոկոսի դեպքում վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մեկ կամ երկու հոգի գրում են, երբեմն ցույց էլ չեն տալիս, հետո մարդիկ մամուլից են իմանում՝ ով ընտրվեց: Մենք ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որը գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին: Դա կարող է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալու հարց առաջացնել, որովհետև կոնսպիրատիվ կառույցներն ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում, թող գնան զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք:

Բոլորն ասում են՝ ՔՊ-ի ընտրություններում քվեաթերթիկը տեսա՞ք, տեսա՞ք՝ ինչ էր նկարած քվեաթերթիկների վրա, ու հանրությունը ամիսներով քննարկում է, թե էն ՔՊ-ի քվեաթերթիկի վրա տեսա՞ք՝ ինչ էր նկարած: Ոչ ոք չի հարցնում, բա մի րոպե, էս երկրում ուրիշ կուսակցություն չկա՞, իրենց քվեաթերթիկն ո՞ւր է, տեսնենք՝ իրենք ընդհանրապես ունե՞ն քվեաթերթիկ, թե՞ չունեն: Հենց սա է խնդիրը, որ մյուսները քվեաթերթիկ չունեն էլ»,- նշեց վարչապետը: