Հայաստանը հետաքրքրված և պատրաստակամ է միանալո...

Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:

Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն։ Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը սև ծովի էլեկտրական մալուխի  նախագծին միանալու վերաբերյալ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: