
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց ծրագրի առաջին փուլը, որի միջոցով Հայաստանի գյուղական և թերսպասարկվող բնակավայրերում բարելավվելու է ոռոգման և խմելու ջրի համակարգերի հասանելիությունը, ստեղծվելու են աշխատատեղեր, խթանվելու է տնտեսական աճը և բարձրացվելու է ջրաապահովությունը և դիմակայունությունը ծայրահեղ եղանակային պայմաններին։
«Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի (Water and Irrigation Services Enhancement) առաջին փուլը, որի գործողության ժամկետը 2025-ից 2031 թթ. է, ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) 80 միլիոն դոլարին համարժեք վարկը և Ֆրանսիական զարգացման գործակալության, Եվրամիության և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորումը՝ 185 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով։ Առաջիկա 10 տարիների ֆինանսավորման ընդհանուր փաթեթը կազմելու է 435 միլիոն դոլար, այդ թվում՝ 330 միլիոն դոլարի ֆինանսավորում ՎԶՄԲ-ից։
«Ծրագրով ֆինանսավորվելու են Հայաստանում ջրային ռեսուրսները կառավարող հաստատությունների և քաղաքականություններին համալիր բարեփոխումներ։ Այն ներառում է ոռոգման ծառայությունների բարելավումներ և ջրամատակարարման հուսալի ծառայությունների ընդլայնում գյուղական ընտրված բնակավայրերում», - ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ «Ներդրում անելով ոռոգման և ջրամատակարարման համակարգերում՝ քաղաքականությունների և հաստատությունների բարեփոխման հետ մեկտեղ, ծրագիրը կօգնի նաև այնպիսի մարտահրավերների մեղմմանը, ինչպիսիք են երաշտները, հեղեղումները և ծայրահեղ շոգը։ Ընդհանուր առմամբ այն կբարելավի Հայաստանի գյուղացիական տնտեսությունների և գյուղական համայնքների կյանքի որակն ու տնտեսական կայունությունը»։
Վերջին տարիներին Հայաստանում նշանակալի տնտեսական աճ է գրանցվել, սակայն աղքատությունը տեղի չի տալիս։ Թեև երկրի աճի զգալի մասն այժմ պայմանավորված է ծառայություններով ու արդյունաբերությամբ, գյուղատնտեսությունը մնում է խոշոր գործատու և կերակրում է բազմաթիվ ընտանիքների։
Բայցևայնպես, ոռոգման քայքայված և անարդյունավետ համակարգերից բարձր արտահոսքի հետևանքով բերքատվությունը նվազում է՝ արդիականացման անհրաժեշտություն առաջացնելով ապրուստի միջոցները և տնտեսությունը պաշտպանելու համար։ Ջրի կորստի բարձր մակարդակը հանգեցրել է ոռոգման ոչ օպտիմալ արդյունքների և երկրում ջրային գերատեսչությունների ֆինանսական անկայուն վիճակի։
Նմանապես՝ 579 գյուղական բնակավայրերում գրեթե 650 000 մարդ չի սպասարկվում, քանի որ ջրային ծառայությունների մատուցումը կարգավորող վարձակալության պայմանագրում ընդգրկված սպասարկման տարածքից դուրս է բնակվում։ Դրա փոխարեն նրանք ստիպված են ապավինել ջրի աղբյուրների և համակարգերի վրա, որոնք ունեն սահմանափակ մաքրում, արդյունավետություն և վերահսկողություն, ինչպիսիք են հնացած խողովակները, աղբյուրային կամ ստորգետնյա ջրերը, ինչպես նաև համայնքային կառավարմամբ ծառայությունները։
Ծրագրի նպատակն է ապահովել արդյունավետ և ֆինանսապես կայուն ոռոգման ծառայությունների մատուցում Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերի գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև ավելացնել գյուղական բնակավայրերում անվտանգ և արդյունավետ կառավարվող ջրամատակարարման ծառայությունների հասանելիությունը։ Ծրագիրը կխթանի նաև ջրօգտագործողների ընկերությունների կառավարող մարմինների բարելավումները, այդ թվում՝ կանանց մասնակցության մեծացմամբ։
Ծրագրի առաջին՝ վեցամյա փուլը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից։ Սույն նախաձեռնությունն աջակցում է ենթակառուցվածքի արդիականացմանը և հզորացնում ոլորտը կառավարող հաստատությունները՝ համահունչ լինելով ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և ծայրահեղ եղանակային պայմաններին հարմարվելու ռազմավարությունները կատարելագործելու Հայաստանի հանձնառություններին։
Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ աղքատության հաղթահարմանը և ավելի բարգավաճ և դիմակայուն ապագայի կերտմանը։ 1992 թ.-ից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին է տրամադրել շուրջ 3 միլիարդ դոլար, ներառյալ ներդրումային վարկավորման, դրամաշնորհների, վերլուծական աշխատանքի և տեխնիկական աջակցության շուրջ 400 միլիոն դոլարի ընթացիկ պորտֆելը ՎԶՄԲ-ից, հավատարմագրային հիմնադրամներից և Միջազգային զարգացման ընկերակցությունից` ամենաաղքատ երկրների համար Համաշխարհային բանկի հիմնադրամից, որի նվիրատու դարձավ նաև Հայաստանը 2023 թ․-ին։