
Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ Մոսկվա կարճատեւ աշխատանքային այց կատարած ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Երեւանի տարածած պաշտոնական հայտարարության տրամաբանությունից եւ շարադրանքի հաջորդականությունից ելնելով քննարկված հարցերի շրջանակում ռազմագերիների վերադարձի հարցը թիվ մեկ առաջնահերթության հարց չի եղել, որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձի հակառակը ներկայացնել։
Ըստ էության, հանդիպման ընթացքում ծավալված բանակցությունները կամ զրույցը ընթացել են ռուսական կողմի նախաձեռնողականության պայմաններում, այսինքն՝ առաջնահերթ կարեւորովել են այն հարցերը, որոնք ռուսական կողմի օրակարգում են կարեւորված։ Իսկ դրանք՝ դաշնակցային համագործակցությունն է երկկողմ եւ ինտեգրացիոն միավորների հարթակներում, քաղաքական խորհրդակցությունները գերատեսչական մակարդակում եւ այլն, որից հետո արդեն գալիս է անվտանգային հարցերը։
Արդեն անվտանգային հարցերի շրջանակում է, որ նախ խոսել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններից կենսագործման մասին ու այդ համատեքստում անդրադարձել ռազմագերիների խնդրին։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ հայկական կողմն է, որ անընդհատ շեշտում է ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչ որ ավանտյուրա է մտմտում ռազմագերների վերադարձի հարցի հիմքով հակառուսական տրամադրություններ արթնացնելու համար։ Մեծ հաշվով, Գյումրի այցից հետո անմիջապես Պուտինին զանգելը նաեւ այս նպատակն ունի․ ցույց տալ, որ ռուսներն են, որ դանդաղում են «իր ձեռքում հնար չկա հարցը լուծելու», ինչից արդեն կարտածվի հակառուսականության ալիքը։ Իրականում սակայն ռուսները դանդաղկոտության խնդիր չունեն։ Ավելին, հակված չենք մտածելու, որ Բաքվում հայ ռազմագերների վիճակը կատաստրոֆիկ վատ է։ Այն, որ Ռուսաստանի նախագահն անձամբ է այս հարցում հետաքրքրված, արդեն հուշում է, որ Բաքուն չի անում եւ չի անի այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Ռուսաստանի հեղինակությանը ռազմագերիների հետ կապված խնդրում։ Այլ է հարցը, որ ռուսները գերիների վերադարձն իրականացնում են փուլ առ փուլ, ըստ բանակցությունների հանգրվանների եւ զուգահեռաբար նաեւ՝ թույլ չեն տալիս, որ հանկարծ իրենց աշխատանքը այս ուղղությամբ յուրացվի, սեփականաշնորհվի նիկոլականների կողմից հատկապես, որ փորձեր արդեն եղան, ու բավական կոշտ կերպով կանխվեցին։
Այս ամենը՝ եւ Փաշինյանի զանգը Պուտինին, եւ Արա Այվազյանի կողմից գերիների հարցի բարձրացման մասին ընդգծված ներկայացումը հաղորդագրությունում վկայում է մի բանի մասին՝ Հայաստանի գործող իշխանությունները չեն վարանելու իրենց քաղաքական նպատակների համար օգտագործել ռազմագերիներին եւ ռազմագերիների վերադարձի հարցը։ Զուտ բարոյապես որքան էլ սա հրեշտավոր թվա, սակայն Փաշինյանի համար սա արդեն կիրառված պրակտիկա է։ Հիշեցնենք, որ փաշինյանական թիմի հորինած միֆերը նաեւ հիմնված էին Արցախյան պատերազմների զոհերի արյան, վիրավորների տառապանքների եւ գերիների խնդրի շահարկումների վրա։