Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկե...

Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցում առավել կարևորություն ներկայացնող հարցերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգի բովանդակային հագեցվածությունը։ 

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը գոհունակությամբ նշել են օրերս ՀՀ-ԵՄ նոր՝ ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը՝ ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՀՀ մոտեցումները։ «Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։