Օրերս Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրառում էր արել, որում տեղեկացրել էր, որ կորցրել է իր «Երկիր Նաիրի» գիրքը։ Գրառմամբ Աննա Հակոբյանը անդրադարձել էր Հայաստանի ներկա իրավիճակին և իր պատկերացումներն էր շարադրել։ Գրառման մեջ մի կտոր կար, որը բավական հետաքրքրական էր․ «Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձեւաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին եւ այլն եւ այլն»:
Ստացվում է, որ պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Աննա Հակոբյանի համար Հայաստանի դեսպանը ոչ թե մեր պետության խնդիրներով զբաղվող պաշտոնյա է, այլ իր կորած անձնական իրերը փնտրող մեկը։ Գրառման միայն այս հատվածը բավական կլիներ, որպեսզի իրեն հարգող պետությունում մեծ աղմուկ բարձրանար։ Իրենց հարգող ժողովրդավարական երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներն են անգամ իրենց պաշտոնից զրկվել, երբ պարզվել է, որ չնչին չափով անգամ իրենց անձնական կարիքների համար են օգտագործել պետական միջոցները, իսկ ահա Աննա Հակոբյանը մի ամբողջ դեսպանի է օգտագործում, որպեսզի իրեն պատկանող անձնական իրը գտնի։