Երևանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից շուրջ 5.5 կմ հեռավորության վրա գտնվող հատվածում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։ Ծրագրի իրականացման համար կհատկացվի 172 մլն 608 հազար դրամ։
Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, ինչպես նաև սպորտային և տարբեր միջոցառումների անցկացման հարթակներ ու կինոդիտման տարածքներ։ Դրանք կծառայեն որպես սոցիալական շփման և հանգստի համար բարենպաստ միջավայր։
«Ծրագրով նախատեսվում է նաև բարելավել տրանսպորտային և հետիոտնային ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կիրճի հասանելիությունը կդառնա ավելի հեշտ և անվտանգ»,- նշեց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր հայեցակարգի մի մասն է։ Նրա խոսքով՝ արդեն առկա են մի շարք կոնկրետ ծրագրեր, և տվյալ նախագիծը մոտ ապագայում կմեկնարկի, քանի որ ընտրված է իրականացնող կազմակերպությունը։
«Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ արդեն մշակվել է կիրճի ամբողջական վերակենդանացման հայեցակարգ, որը ներառում է մի շարք բաղադրիչներ, և տվյալ ծրագիրը ներառված է այդ ընդհանուր շրջանակում։
Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ևս երկու առաջնային ծրագիր, որոնցից մեկը ներառում է լայնածավալ քայլուղու և հեծանվուղու կառուցում։ Նախագիծն առաջարկվել է նաև մասնավոր գործընկերների կողմից՝ նրանց մասնակի ֆինանսական մասնակցությամբ»,-նշեց քաղաքապետը:
Երևան քաղաքի ավագանու նիստում նախագիծն ընդունվեց քվեարկության արդյունքում՝ 38 կողմ, 2 դեմ և 16 ձեռնպահ:



