Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն խոսել էինք այն մասին, որ իշխանական թիմում ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այն գործիչներից է, ով ունի վարչապետ դառնալու հավակնություններ։ Ավելի շուտ ոչ թե ինքն ունի, այլ իր և Փաշինյանի արևմտյան հովանավորներն իրեն նախապատրաստում են հավանական զարգացումների դեպքում Փաշինյանի փոխարեն իրեն վարչապետի աթոռին նստացնելու համար։
Արմեն Գրիգորյանը ֆորմալ ՔՊ անդամ է, բայց կուսակցությունից դուրս, «քաղաքացիական հասարակության» անվան տակ սեփական հենարանն է փորձում ձևավորել։ Այդ հենարանը, ըստ ամենայնի, պետք է լինի իր մտերիմ Դավիթ Պետրոսյանի կողմից հիմնադրված «Ռեստարտ» հիմնադրամը։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այդ հիմնադրամն ակտիվորեն մարզային գրասնեյակներ է հիմնում, ակտիվորեն աշխատում ուսանողության հետ։ Ըստ էության, ստանձնել է նույն այն դերը, ինչ մինչ պասիվանալն անում էր «Սորոսի» հիմնադրամը, որտեղից սերում են Արմեն Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը և շատ այլ ՔՊ-ականներ։ «Ռեստարտը», ըստ էության, Արմեն Գրիգորյանի համար հավաքագրում է երիտասարդներ, որոնք «իքս» պահի նրան կարող են պետք գալ։ Կարճ ասած՝ Արմեն Գրիգորյանի «կուսակցության» հիմքերն են գցում։
Արմեն Գրիգորյանը սովորաբար իր անձնական կյանքին առնչվող հրապարակումներ չի անում սոցիալական ցանցերում, բայց չգիտես ինչու օրերս նա «երջանիկ ընտանիքի» տեսանյութ էր հրապարակել իր և իր ընտանիքի անդամների մասնակցությամբ։ Քաղաքական գործիչները նման տեսանյութեր, լուսանկարներ հրապարակում են սովորաբար նախընտրական փուլում ու այն քաղաքական տեխնոլոգիայի մաս է։ Արմեն Գրիգորյանի դեպքում հատկապես այստեղ տեխնոլոգիան «զռում» է, քանի որ մինչ այդ Գրիգորյանն իր էջում հրապարակում է արել 2023 թվականին՝ իր լուսանկարը, իսկ դրանից առաջ էջում հրապարակում եղել է 2020 թվականի մարտին։ Տեխնոլոգին հասկանալի է, մնում է հասկանալ, թե ինչ նախընտրական գործընթացի է պատարստվում Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Այդ ընտրությունները կլինե՞ն խորհրդարանում, որով կհեռացնեն Փաշինյանին և կբերեն Գրիգորյանին, թե՞ դա կլինի ընտրություն «ժողովրդի» մասնակցությամբ։