Հայաստան ժամանած մարդու իրավունքների ոլորտի փ...
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մարդու իրավունքների ոլորտի փորձագետներ՝ Մոլդովայի օմբուդսմանի տեղակալ Վալենտին Ռոսկան, Սերբիայի Հանրապետության նախկին Ազգային օմբուդսման, մարդու իրավունքների փորձագետ Սաշա Յանկովիչը, ինչպես նաև Մալթայի համալսարանի պրոֆեսոր Էն Մարի Թեյքը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի ուղեկցությամբ դեկտեմբերի 11-ին այցելել են Երևանի պետական համալսարան, հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
 
Այցը մեկնարկել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպմամբ: Նա հյուրերին ներկայացրել է բուհի պատմությունը, իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև առաջիկա զարգացման ծրագրերը։
 
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը շեշտել է մարդու իրավունքների կրթության կարևորությունը, քանի որ առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։
 
Բանախոսներն ուսանողներին ներկայացրել են իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի առանձնահատկությունները, ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման արդյունավետ գործիքները։
 
Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են ուսանողների հարցերին՝ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերը, միջազգային ու ազգային գործիքակազմերը։
 
Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։