
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին անցկացրել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատ փոխանցելու հարցը։
ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի լիազորությունները դադարած համարելու մասին։
Հոկտեմբերի 1-ին ԿԸՀ էր ուղարկվել նաև նույն դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Հայկ Խալաթյանի ինքնաբացարկի դիմումը, որով վերջինս հրաժարվել էր մանդատից։ Դիմումը նոտարական կարգով վավերացված էր, և թեկնածուն չի մասնակցել նիստին։
Այսպիսով, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորի մանդատը ԿԸՀ-ն փոխանցեց ցուցակի հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին։