«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխե...

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն: Քրեական օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրինագիծը ներկայացնելով՝ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենց համար հիմք է հանդիսացել փաստացի վիճակագրական տեղեկատվությունը, որ այս հոդվածով երբեւէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեեւ բազմաթիվ են եղել դեպքերը, փաստերը, երբ Հայոց ցեղասպանության հերքման, արդարացման, մեղմման ուղղությամբ հրապարակային հայտարարություններ են հնչել: Օրինագծի ներկայացման հաջորդ պատճառն այն է, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները եւ թե՛ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություններն արդարացնողների կամ դրանց բացասական ազդեցությունը նվազեցնելու հրապարակային հայտարարություններ կատարողների նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունն այս պահին բացակայում է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը»,- ընդգծել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Վերոնշյալով էլ պայմանավորված՝ պատգամավորը հորդորել է գործընկերներին դեմ քվեարկել:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը մանրամասն ներկայացրել է Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, նշել, որ նախագծի եւ գործող կարգավորման հիմնական տարբերությունն այն է, որ առաջարկվում է քրեականացնել առանց կոնկրետ նպատակի բանավոր խոսքը՝ միտված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հերքելուն, նսեմացնելուն, մեղմելուն եւ այլն: Առաջարկվող էական փոփոխությունը Հայոց ցեղասպանությունը նշված հոդվածում այլ ճանաչված ցեղասպանություններից առանձնացնելն է: Անդրադառնալով այս հանցագործությունների սահմանմանը՝ Տիգրան Դադունցը նշել է, որ դրանց առանձնահատկությունն այն է, որ անմիջականորեն հարաբերակցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, այն է՝ արտահայտվելու ազատության իրավունքի հետ: «Այս համատեքստում, մեր կարծիքով, քրեական պատասխանատվության սպառնալիքով պետք է արգելված լինեն միայն այն արարքները, որոնք մեծ եւ իրական հանրային վտանգավորություն են ներկայացնում»,- նշել է փոխնախարարը:

Հարցի առնչությամբ ելույթներ են ունեցել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչները: Ընդդիմությունն ընդգծել է՝ այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ ցեղասպանության հետեւանքները նսեմացնելուն ուղղված գործողություններ են նկատվում: Իշխող ուժի պատգամավորներն էլ պնդել են՝ ընդդիմությունը հերթական կեղծ օրակարգն է շրջանառում, վերջինիս գործունեությունը կա՛մ մանիպուլյացիան է, կա՛մ գուշակությունը:

Եզրափակիչ ելույթներում հնչած տեսակետներին են անդրադարձել հիմնական եւ հարակից զեկուցողները: