
Հուսով եմ՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կարող է արագ հանգեցնել յուրաքանչյուր կողմի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը. այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի X-ում հրապարակման մեջ:
«Ես հենց նոր խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման մասին։ Ես ևս մեկ անգամ ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների հանձնառության շնորհիվ ձեռք բերված համաձայնությունը, որն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հուսով եմ, որ այս համաձայնագիրը կարող է արագ հանգեցնել յուրաքանչյուր կողմի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։
Այս համատեքստում ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նկատմամբ։
Ես նաև վերահաստատեցի մեր պատրաստակամությունը աջակցելու և ներդրում ունենալու շարունակական ջանքերին, այդ թվում՝ փոխկապակցվածության ամրապնդման առումով, բոլոր տարածաշրջանային գործիչների և գործընկերների հետ համագործակցությամբ։ Վերջապես, մենք համաձայնեցինք շարունակել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ համապատասխան վարչապետի հուլիսի 14-ին Փարիզ կատարած այցին», - ասվում է հաղորդագրության մեջ։