Երեւանի եւ Անկարայի բանակցությունների վերսկսումը «կենտրոնացած է կարգավորման, այլ ոչ թե հաշտեցման հասնելու վրա», հայտարարել է բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհրդի (TABDC) նախագահ Նոյան Սոյակը։
Anadolu-ին տված հարցազրույցում Սոյակը նշել է, որ բանակցությունները կարող են «օգուտ բերել, որը դուրս է գալիս հենց երկու երկրների շրջանակներից»: Ըստ Սոյակի՝ «Լեռնային Ղարաբաղի պատճառով երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, հիմք դրվեց Հարավային Կովկասում ավելի մեծ խաղաղություն ապահովելու համար, ինչը օգուտ կբերի այնպիսի հարեւաններին, ինչպիսին Ռուսաստանն է»:
«Ունենալով իր տարածաշրջանային տարաձայնությունները Վրաստանի հետ Կովկասում եւ Ուկրաինայի հետ հարավ-արեւմուտքում ՝ Ռուսաստանը, հավանաբար, չէր ցանկանա եւս մեկ շարունակվող հակամարտություն ունենալ Հարավային Կովկասի մյուս մասում, որը կարող էր էլ ավելի թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում», - ասել է Սոյակը՝ հավելելով, որ «Ռուսաստանը շատ առումներով վիթխարի դեր է խաղում Հայաստանում»:
Սոյակը նաեւ ենթադրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է օգնել երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում։