Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ փորձելով Վաշինգտոնի ուշադրությունը սևեռել Մերձավոր Արևելքում ծավալվող ճգնաժամի վրա և աջակցություն ստանալ Գազայի հատվածում շարունակվող գործողություններում: Այս մասին գրում է euronews.com-ը:

«Այսօր մենք գտնվում ենք պատմության խաչմերուկում, Մերձավոր Արևելքում իրանական ահաբեկչության առանցքը դիմակայում է Ամերիկային, Իսրայելին և մեր արաբ ընկերներին: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան և Իսրայելը պետք է միասին լինեն, որովհետև երբ մենք միասին ենք, տեղի է ունենում մի շատ պարզ բան՝ մենք հաղթում ենք, նրանք պարտվում են», - ասել է Իսրայելի առաջնորդը՝ խնդրելով իր երկրի համար ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել:

Մոտ 80 դեմոկրատ օրենսդիրներ որոշել էին բոյկոտել ելույթը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում տեղի ունեցած հումանիտար աղետը և Իսրայելի պաշտպանության բանակի գործողության մեկնարկից ի վեր անկլավում շուրջ 40,000 մարդու զոհվելը:

Նշվում է, որ Նեթանյահուի ժամանումը Կոնգրես բողոքի ցույցեր է առաջացրել: Հազարավոր ցուցարարներ, դժգոհ լինելով այն փաստից, որ հրեական պետության վարչապետը հնարավորություն է ստացել ելույթ ունենալ Կոնգրեսի ամբիոնից, պահանջել են դադարեցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին։

Նեթանյահուն քննադատել է հակապատերազմական և պաղեստինամետ ցույցերը՝ դրանք անվանելով «հակաիսրայելական» և ասել, որ ցուցարարները «պետք է ամաչեն»։

«Որքանով մենք գիտենք, Իրանը ֆինանսավորում է հակաիսրայելական ցույցերը, որոնք այժմ տեղի են ունենում այս շենքի առջև», - պնդում է Նեթանյահուն: