Հավաքվեք, վարքագծի կանոններ մշակեք, հակառակ դ...

 Մենք լուրջ խնդիր ունենք լրագրողների գործունեության հետ, պատսպարվելով խոսքի ազատության և ԶԼՄ-ների մասին օրենքով՝ լրագրողները հաճախ իրենց շատ վատ են պահում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այդ հարցով, կարծում եմ, մենք պետք է որոշում կայացնենք և որևիցե ձևով կարգավորենք լրագրողների գործունեությունը, որովհետև իրար ընդհատելով, իրար վիրավորելով, մարդկանց հետապնդելով, դա լրագրություն ներկայացնելը, կարծում եմ՝ ճիշտ չէ», - ասաց նա։

Հարցին, թե արդյոք պատգամավորներն իրենց լավ են պահում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պատգամավորների գնահատականները տալիս են ընտրողները՝ ընտրությունների միջոցով, նրանք ուղիղ ընտրվող մարդիկ են»,-ասաց նա:

«Այ այսպիսի վարվելակերպը նաև ՀՀ քաղաքացիներին է ջղայնացնում, դրանով դուք վատ վերաբերմունք եք ձևավորում մարդկանց մոտ լրագրողների նկատմամբ: Դուք, լրագրողներդ ճիշտ կանեք, եթե հավաքվեք միասին, ես կարող եմ դրան աջակցել, և որոշեք, թե ինչ վարքագծի կանոններ պետք է լինեն, որ դուք առնվազն իրար չընդհատեք, իրար հետ չվիճեք, որ լրագրողը ֆեյսբուքի իր էջում հրապարակային վիրավորանքներ չգրի, որ ԱԺ-ում իրար չվիրավորեն և կռիվներ չլինեն։ Հավաքվեք, կանոններ մշակեք, հակառակ պարագայում կբախվեք ներսում մշակված կանոնների հետ և ստիպված կլինեք ենթարկվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։