ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով: Մասնակցել է նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
Դրան հաջորդեց վարչապետի հետևյալ գրառումը. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.
Պարզել՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:
Նիկոլ Փաշինյանի այս որոշման վերաբերյալ Politik.am-ը լսել է բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի մեկնաբանությունը: Վերջինս նշում է՝ հաստատվեց վարչապետ-բնապահպաններ հանդիպանը վերջիններիս հայտնածը.
«Մենք հանդիպման ժամանակ էլ են նույն բանն ասել, որ ՇՄԱԳ-ը (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) ուժը կորցնելու հատկություն ունի, և, փաստացի, ստացվում է, որ օրենքները կային, և ուժը կորցրած ճանաչելու համար այդ փաստաթուղթը կար, սակայն վարչապետին սխալ էին զեկուցում մշտապես: Դա շատ պարզ երևում է նաև վարչապետի կայքում տեղադրված արձանագրությունից, որ առնվազն այն անձինք, ովքեր իրեն հավաստիացրել են, որ չկա որևէ հոդված, որով հնարավոր է ուժը կորցրած ճանաչել, այդպես չէ»:
Ենոքյանը նշեց՝ այժմ կսպասեն Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:



