Հաշվեքննիչ պալատի մեր գործընկերները մի փոքր շ...

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է իր ծավալուն դիտարկումները մինչև Հաշվեքննիչ պալատի եզրակացության հրապարակումը: Ցավում եմ, որ դրանք արտացոլված չեն եզրակացության մեջ: Կարևոր եմ համարում պարզաբանել այդ ցուցանիշները: Այդ մասին հոկտեմբերի 1-ի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի դիտարկմանը, թե Հաշվեքննիչ պալատի զեկույցում կրթության ոլորտի վերաբերյալ մտահոգիչ տվյալներ կան, այն է՝ Հայաստանում մոտավորապես 20 հազար երեխա ընդգրկված չէ պարտադիր կրթության համակարգում, որից մոտ 13 հազարը երբևէ հաշվառված չեն էլ եղել, այսինքն՝ կա 82,5 տոկոսանոց կրթության ընդգրկվածության ցուցանիշը, ինչը պատգամավորին արտառոց է թվում:

Նախարարը պարզաբանեց՝ Հաշվեքննիչ պալատի մեր գործընկերները մի փոքր շտապել են. «Եթե մի քիչ սպասեին, բառացիորեն մի քանի օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «ՀՀ սոցիալական վիճակը» վերնագրով ամենամյա հրապարակումը, որտեղ արտացոլվում են նաև կրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշները: 2024-2025 ուսումնական տարվա համար կրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 90,4 տոկոս, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ ներկայացված 82 տոկոսն ուղղակի չի համապատասխանում իրականությանը»:

Նախարարը տեղեկացրեց, որ կան նաև այս տարվա տվյալները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն հաջորդ տարի, վստահեցրեց, որ դրանցում ցուցանիշներն ավելի բարելավված են, ապա ներկայացրեց մի քանի տվյալներ:

«Այս տարի 9-րդ դասարանն ավարտել են 39660 երեխաներ: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև մեր հիմնական ռիսկի խումբն այն երեխաներն են, որոնք 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակում, իրականում ամենամեծ խնդիրը գրանցվում է այս մակարդակում: Այս տարվա արդյունքներով՝ այս 39660 երեխաներից ավելի քան 13 հազարը ընդգրկվել են ՄԿՈՒ համակարգում, այսինքն՝ գնացել են քոլեջներ, և ավելի քան 24 հազարը գնացել են ավագ դպրոցներ:

Ընդհանուր առմամբ, մենք 95 տոկոս ցուցանիշ ունենք այս ամենախոցելի խմբի համար: Սա մի ցուցանիշ է, որը երբևէ չի գրանցվել: Նախորդ տարիների բոլոր ցուցանիշները դիտարկելով՝ կարող ենք տեսնել, որ էական բարելավում ունենք»,- ասաց նա: